ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Հեղափոխականները» հայտնվում են վերջին պահին

«Հեղափոխականները» հայտնվում են վերջին պահին
24.07.2013 | 16:31

Տրանսպորտի գնի բարձրացման դեմ բողոքի ակցիան, որն առավելապես վրդովեցրել, ոտքի է հանել սոցիալապես անապահով խավերին՝ ուսանողություն, թոշակառուներ, նվազագույն աշխատավարձով գոյատևողներ, սկզբում ուներ միանգամայն հստակ նպատակ և խիստ որոշակի թիրախներ: Շարժումը նախաձեռնող տարբեր կուսակցությունների երիտասարդ ակտիվիստներն էլ հարցազրույցների ժամանակ նշում էին, որ այս շարժումը կուսակցական չէ, այլ՝ ժողովրդական և ուղղված է ՀՀԿ-ական գծատերերի՝ գերշահույթ ստանալու դեմ: Եվ մինչ տարիներ շարունակ պայքարի, քաղաքական ու քաղաքացիական շարժումների բովում թրծված ակտիվիստները հերթական անգամ, ամռան տապին չնայելով, Երևանի փողոցներում բողոքի ակցիաներ են անցկացնում, թռուցիկներ տարածում, հայտնվում ոստիկանական բաժանմունքներում, ի հայտ են գալիս մարդիկ, որոնք ուզում են մեկ կրակոցով երկու նապաստակ խփել: Տևական ժամանակ քաղաքական ասպարեզը լքած Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին հայտնվում է, մամուլի ասուլիս անում և հնչեցնում համազգային կլոր սեղանի շուրջ հավաքվելու, համազգային հեղափոխություն անելու իր հերթական կոչը: Թե քանի անգամ է Րաֆֆի Հովհաննիսյանը նման կոչեր հնչեցրել, և ինչ արձագանքի են արժանացել այդ կոչերը նրա գործընկեր քաղաքական ուժերի կողմից՝ անհարմար է հաշվելը: Փույթ չէ, որ այս տարվա ապրիլի 9-ին իր ձախողումը նա պայմանավորում է գործը մինչև վերջ չտանելու համար բավարար ներուժի բացակայությամբ: Հիմա էլ Րաֆֆի Հովհաննիսյանը, քաջ իմանալով, թե ինչ պատասխան պետք է տան իր իշխանամետ և ընդդիմադիր գործընկերները, հիշում է կլոր սեղանների մասին: Ի՞նչ են տալիս այդ կլոր սեղանները՝ անպտուղ խոսակցություններից բացի, կարծում ենք, լավ գիտի հենց ինքը՝ պարոն Հովհաննիսյանը: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանից իրենց դեմագոգիայով ու PR անելով հետ չեն մնում նաև հանրային այլ դեմքեր: Որևէ մեկը հիշո՞ւմ է, օրինակ, թե «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանը քանի անգամ է մասնակցել որևէ ակցիայի, լուսաբանել այն, երբ ձերբակալում, բերման էին ենթարկում կամ ծեծում էին ընդդիմության ակտիվիստներին ՀՀ նախագահի ամեն ընտրությունից հետո: Փոխարենը լավ հիշում ենք, թե ինչպես էր նա ամեն անգամ եթեր հրավիրում ընդդիմադիր գործիչներին և հեգնում, թե ինչու իրենց խոստացած իշխանափոխությունը չեն արել, իշխանությունն էլ բերել-դրել Պետրոս Ղազարյանի ոտքերի տակ: Եվ հիմա պարզվում է, որ Պետրոս Ղազարյանն ավելի է մտահոգված տրանսպորտի գնի բարձրացմամբ, քան՝ տարիներ շարունակ ծեծվող-բանտեր ընկնող ակտիվիստները: Մտահոգված է, այդ իսկ պատճառով էլ այս օրերին զբաղված է ուղևորներին իր սեփական մեքենայով անվճար տեղափոխելով և իր PR ակցիան իրականացնելով: Երեկ, մինչ Երևանի ոստիկանության կենտրոնի բաժնի մոտ կազմակերպված ինքնաբուխ ցույցի ժամանակ հերթական անգամ բերման ենթարկեցին ՀԱԿ ակտիվիստներ Արեգ և Սարգիս Գևորգյաններին, մեկ այլ «մտահոգ» լրագրող՝ Ալեն Սիմոնյանը, ով այդ ընթացքում ցուցադրաբար շրջում էր մասնակիցների շարքերի միջով, զբաղված էր աջ ու ձախ հարցազրույցներ սփռելով և իշխանություններին քննադատելով: Որևէ մեկը հիշո՞ւմ է, տեսե՞լ է Ալեն Սիմոնյանին քաղբանտարկյալների ազատության համար որևէ ակցիայի մասնակցելիս, որևէ ոստիկանի ապօրինի գործողությանը դիմադրություն ցույց տալիս, ինչպես տարիներ շարունակ վարվել ու վարվում են Սարգիսի, Արեգի և Տիգրան Առաքելյանի նման երիտասարդները: Ինչո՞ւ գնալ այդ քայլին, երբ կարելի է աջ ու ձախ հարցազրույցներ տալով, ձեռքի հետ էլ իշխանություններին մեկ-երկու թթու խոսք ասելով, միանգամից «հերոսանալ»: Չէ՞ որ նա էլ էր այս օրերին լծվել ուղևորներին անվճար տեղափոխելու գործին: «Կամ թող բերման ենթարկեն բոլորիս, կամ նրանց էլ բաց թողնեն: Շնորհավորում եմ մեր երկրի կառավարությանը, մեր նոր ոստիկանապետին, ինքը քաղբանտարկյալ ստեղծեց»,- խրոխտ հայտարարել է Ալեն Սիմոնյանը՝ քաջ գիտակցելով, որ իրեն ոչ մեկը բերման չի ենթարկի: Չէ, Ալեն Սիմոնյան, ակցիաները ինքնահաստատման համար չեն հաստատ: Եթե Դուք և այլ «մտահոգներ» այսօր եք տեսնում քաղբանտարկյալներին, որովհետև այդպես է ձեռնտու, ապա իրական պայքարողները հաստատ տրանսպորտի գնի բարձրացման առիթն էլ չեն օգտագործում սեփական PR-ն անելու համար և ցույց տալու, թե որքան թունդ ընդդիմադիր են իրենք: Եվ քանի որ քաղաքական, քաղաքացիական շարժումները վերջին տարիներին բացել են մեր հանրության աչքերը, ապա կարելի է համոզված լինել, որ այսօրինակ «ընդդիմադիր կտերն» այլևս քչերն են կուլ տալու:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2137

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ